Գիտականորեն ոչ ոք չի կարողանում ոչինչ բացատրել: Նոր առեղծվածը ծագել է, երբ փորձում էին աշխարհի գլխավոր գաղտնիքներից մեկը պարզել: Երուսաղեմում Տիրոջ գերեզմանը ուսումնասիրողները հաղորդել են տարօրինակ իրավիճակի մասին, որը գիտականորեն չեն կարողանում բացատրել: Հարության տաճարում աշխատանքի ժամանակ չափիչ սարքերը խափանվել են: Գիտնականները պնդում են, որ սարքերի վրա ներգործել է անհասկանալի էներգետիկ հոսք: Ի՞նչ ուժ է անջատել ամենաժամանակակից ու զգայուն տեխնիկան, որտեղի՞ց է այդ ուժը հայտնվել ու ինչո՞ւ հենց հետազատության ժամանակ՝ հայտնի չէ: Հինգ հարյուր տարվա մեջ առաջին անգամ Երուսաղեմի Հարության տաճարում Տիրոջ գերեզմանի մարմարե սալաքարն են բարձրացրել:
Ամբողջ աշխարհը հետևում էր վերականգնողների աշխատանքին: Հնագետներին ապշեցրել էր անհավանական բուրմունքը, որ տարածվում էր Հիսուս Քրիստոսի ենթադրյալ հուղարկավորման վայրից: Ինչո՞ւ են խափանվում սարքերը, պատճառը ոչ ոք չի հասկանում: «Սա առանձնահատուկ վայր է, և մենք ֆիզիկապես դա զգում ենք: Այստեղ իրոք անհավանական ու արտառոց մթնոլորտ է»՝ ասել է վերականգնողներից մեկը: Քրիստոնեական գլխավոր սրբավայրում իրենց յուրաքանչյուր քայլը գիտնականները տեսանկարում են: Նրանց նպատակն է գիտական ապացույցներ ձեռք բերել, որ իրոք այդ վայրում է հուղարկավորվել Հիսուսի մարմինը: Բայց վերականգնողները ամեն օր բախվում են խոչընդոտների՝ ոչ միայն խորհրդավոր, այլև՝ բացահայտ: «Երուսաղեմի և տաճարի ստորգետնյա համակարգը կենդանի համակարգ է՝ բազում թունելներ, ջրանցքներ կան ու շատ ջուր: Մենք արձանագրել ենք ռելիեֆի բոլոր առանձնահատկությունները: Ընդերքը շատ անկայուն է և դժվար է ասել՝ ինչպես իրեն կպահի»՝ ասել է վերականգնման նախագծի ղեկավար Անտոնիա Մորոպոլուն: Տիրոջ գերեզմանի ուսումնասիրության աշխատանքները ծրագրված է գարնանն ավարտել և գուցե այն ժամանակ հայտնի դառնա, թե ինչի հասան գիտնականները, բացի մատուռը ամրակայելուց:
Հ.Գ. 2016 տարում, փաստորեն, մարդիկ չհասկացան, որ Աստծուն ոչ թե հետազոտում են, ուսումնասիրում են, փնտրում են ապացույցներ, որ նա եղել է, այլ՝ հավատում են: Ի՞նչ ապացույցներ են նրանք որոնում այն մարմարե սալաքարի վրա կամ տակ, ուր խաչից իջեցվելուց հետո դրվել է Հիսուսի մարմինը, իրենք էլ չգիտեն, բայց որոնում են: ՈՒ հաստատ ոչ այս գարնանը, ոչ երբևէ այդ ապացույցները չեն գտնվելու, որովհետև կան իրողություններ, որ մարդկային գիտակցությունից վեր են՝ ինչպես նրանց սարքերի շարքից դուրս գալը անհասկանալի էներգետիկ հոսքից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ